հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում 25-ամյա Արթուր Վարդարյանը, վարելով «ՎԱԶ 2103» մակնիշի 29 ՍԼ 640 համարանիշի ավտոմեքենան, Երվանդաշատ–Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ–ին՝ Երվանդաշատից դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի աջ եզրային գծում կայանված «ՈւԱԶ 469» մակնիշի 32 ՏՕ 295 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, 25-ամյա Ղազար Չախալյանը մարմական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ վարորդի կողքին նստած ուղևորը` 57-ամյա Սասուն Վարդանյանը, տեղում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը և վիրավորները Արմավիրի մարզի Վանանդ գյուղից էին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 1–ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և նույն վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը։
Հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ մահացածը վարորդի հայրն էր։
Վիրավորներին օգնություն են ցուցաբերել Երվանդաշատ և Վանանդ գյուղի գյուղի բնակիչները։
Այս պահին ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել «Ուազ 469»–ի վարորդի տվյալները։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Բաղրամյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արգամ Սարգսյանը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հավանաբար փաստի առթիվ կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվելու են Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանման վայր։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի